ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Գերմանական Siemens ընկերության դեմ դատական հայց կներկայացվի «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 բլոկի համար գնված սարքավորումները մատակարարելուց հրաժարվելու համար: Այս մասին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Լիխաչովը տեղեկացրել է, որ «Siemens-ը ցուցադրաբար հրաժարվել է մատակարարել (ի դեպ՝ արդեն պատրաստված և վճարված սարքավորումները)Թուրքիայում նախագծի համար»։
«Ակնհայտ է, որ դատական գործընթացներ են լինելու։ Նախապես վճարված սարքավորումները չեն մատակարարվել: Դա մեզ համար լրացուցիչ ծախսեր է ստեղծել ինչպես սարքավորումների կոնկրետ ձեռքբերման, այնպես էլ այդ սարքավորումների տեղադրման ժամկետների ճշգրտման համար։ Այդ բողոքները կներկայացվեն»,-ընդգծել է Լիխաչովը։
2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ գերմանական Siemens-ը խախտել է Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի համար սարքավորումներ մատակարարելու պարտավորությունները, ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի այլընտրանքը գնվել է բարեկամ երկրներից։
Ավելի վաղ «Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերության շինարարության և արտադրության կազմակերպման գծով տնօրեն Դենիս Սեզյոմինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուսական և թուրքական կողմերը համատեղ գնահատում են, թե «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի իրականացման վրա ինչպես է ազդել կայանի համար բաշխիչ սարքի սարքավորում մատակարարելուց Siemens-ի հրաժարվելը։
2024 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլ կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ Siemens-ը Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի համար մատակարարելու է ուշացող սարքավորումները, սակայն այդ սարքավորումներն արդեն 99 տոկոսով չեն օգտագործվելու։
Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծն է դարձել։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով բոլոր չորս էներգաբլոկները (յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ) շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան մոտ 35 միլիարդ կվտ/ժամ էներգիա կարտադրի և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։
«Աքքույու» ԱԷԿ-ը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-տիրիր-շահագործիր» մոդելով։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ «Աքքույուն» համապատասխանում է ատոմային էներգետիկայի անվտանգության բոլոր ժամանակակից միջազգային պահանջներին։