Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Թեթև մարդատար մեքենաները կարող են երթևեկել այդ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասաց Հակոբյանը։
Նա հավելեց, որ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է մնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր բեռնատարների համար, սակայն ավելի ուշ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էր, ու բոլոր տրանսպորտային միջոցները կարող էին երթևեկել։