ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժումը կիրակի օրը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանի վրա առաջին հրթիռային հարձակման մասին:
Ավելի վաղ Իսրայելը ռմբակոծել էր մայրաքաղաք Սանայում և Եմենի արևմուտքում՝ Հոդեյդա քաղաքում գտնվող էլեկտրակայանները:
«Եմենի զինված ուժերը «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարձակվել են Հայֆայից հարավ՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանի վրա՝ հաջողությամբ խոցելով թիրախը»,-ասված է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ գործողությունն իրականացվել է ի աջակցություն Գազայի հատվածի, և որ իրենց ռազմական հնարավորությունները մշտապես զարգանում են:
Հիշեցնենք` «Անսար Ալլա»-ի առաջնորդը 2024 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր իրենք 1147 հրթիռ և անօդաչու թռչող սարք են կիրառել Իսրայելի վրա հարձակվելու համար։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժումը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ կաջակցի պաղեստինյան խմբավորումներին Գազայի հատվածում իսրայելական բանակին հրթիռային և օդային հարձակումների միջոցով դիմակայելիս: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և ձեռք չեն տալիս այլ երկրների նավերին: