ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի

Սոցիալական այս աջակցությունը փոխացվելու է e-քարտերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Գումարները շահառու ընտանիքներին կփոխանցվեն էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։
«2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում։
Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից, գնահատվել են կարիքները։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ 7 e-քարտից 3-ը՝ ամանորյա (50,000 դրամ), երեխայի խնամք (40,000 դր․), հագուստ և կոշիկ (25,000 դր.), առողջապահական (25,000 դր.), վերադարձ դպրոց (60,000 դր․), հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):
Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս:
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները օգնություն կստանան նաև բնակության վայրը փոխելու դեպքում
E-քարտերի առաջին խումբը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերից և տևելու է մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով։
Սոցապնախարարությունը ծրագիրն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ։