Covid-ի շրջանում թթվածնային թերապիայի 200 սարքից 20–ը «կորել է». մեղադրվում է Ալթունյանը

«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դ․Ա․-ն (Դավիթ Ալթունյան, – խմբ․) առողջապահության նախարարության ձեռք բերած դեղերի և բժշկական պարագաների ընդունում-հանձնումը 2020 թվականին պատշաճ կերպով չի կատարել և պետությանը 7,5 մլն դրամի գույքային վնաս է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դ․Ա․-ն առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները։ Դրանց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Արդյունքում, ՊՈԱԿ-ի աշխատակիցները չեն փաստաթղթավորել ԱՆ-ի գնած թթվածնային թերապիայի 200 սարքի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին, համապատասխան հաշվառում չեն վարել։ Այս ամենը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։
Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 500 000 ՀՀ դրամի գույքային վնաս։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «կորոնավիրուսի գործով» ծանուցագիր կստանա. ԶԼՄ
Ստացվում է, որ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները նաև չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:
Ալթունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։