ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 28 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 5 զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են ընդունվել 28 զոհ և 59 տուժած»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից մահացածների թիվը հասել է 45 581-ի, տուժել է ավելի քան 108 հազար մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվան հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: