ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում, սակայն դրանք չեն առնչվի առանցքային պաշտոններին։ Այս մասին գրում է «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ենթադրվում է, որ կաբինետում կփոխվեն առնվազն 5-6 նախարարներ։ Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը և ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները»,- նշում է պարբերականը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ փոփոխություններ են սպասվում նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում և տեղական ինքնակառավարման մարմինների վարչակազմերում: Թերթը նաև անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահի նոր ընտրություններին։ Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի գործող խոսնակ Նուման Քուրթուլմուշը, ամենայն հավանականությամբ, կրկին կառաջադրվի այդ պաշտոնում: