ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Տեսանելի ապագայում մենք կկարողանանք վերացնել ազգային արժանապատվության զարգացման և վերականգնման ճանապարհին առկա խոչընդոտները: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամանորյա ուղերձում:
«Սի՛րելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը», – ասված է ուղերձում:
ՀՀ երրորդ նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Ծաղկեպսակ է դրվել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող Հիշատակի պատին: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասվում է երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանը նաև ուղերձ է հղել՝ մաղթելով ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում լինել շրջահայաց և զգոն։