Թուրքիայի քաղաքացի «Մուխտար Թուրքին» սիրիական բանակում բրիգադային գեներալ է նշանակվել

Թուրքական պարբերականի հրապարակման մեջ ասվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի քաղաքացի Օմեր Մուհամմեդ Չիֆթչին, ով հայտնի է «Մուխտար Թուրքի» մականունով, սիրիական նոր բանակում բրիգադի գեներալ է նշանակվել։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը։
Նշվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան կօգնի Սիրիայի «նոր իշխանություններին» ստեղծել 300 հազարանոց կանոնավոր բանակ, որը կներառի Ասադի կառավարական ուժերի դեմ կռված զինված ստորաբաժանումների տասնյակ հազարավոր զինյալներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: