Արշակ Կարապետյանը հերքել է ձերբակալվելու մասին լուրը. ի՞նչ է կատարվել իրականում

Արշակ Կարապետյան
Արշակ Կարապետյան
Նախկին նախարարն ասել է, որ ՌԴ ոստիկաններն իրեն հրավիրել են զրույցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերքել է լուրը, թե իրեն ձերբակալել են Մոսկվայում։
Կարապետյանին ձերբակալելու լուրը տարածել էին ռուսական ԶԼՄ–ներն ու Telegram–յան ալիքները։ Նշվում էր, որ ՊՆ նախկին ղեկավարի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել մի քանի հոդվածով։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իշխանությունը չարաշահելու հոդվածներով։
Կարապետյանը «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբի հետ զրույցում ասել է, որ իրեն հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի։
«Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել ոստիկանությունից։ Նրա տպավորությամբ` ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը առաջացրել են զարմանք և ծիծաղ»,– հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել ընդամենը մի քանի ամիս` 2021 թվականի օգոստոսի 2-ից նոյեմբերի 15-ը։
Մինչ այդ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, այնուհետև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը։ 2024 թվականին Կարապետյանը ստեղծել է «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Հիմնադիր համագումարի ժամանակ Կարապետյանը ներկաներին դիմել էր տեսակապով, քանի որ արդեն տևական ժամանակ արտերկրում էր։
Չնայած այդ գործընթացներին` ՀՀ արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արձանագրելու պատճառով հրաժարվել էր գրանցել կուսակցությունը։