ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսիի խորհրդարանի շենքում սկսվել է Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Արարողության պաշտոնական մասը տեղի է ունենում օրենսդիր մարմնի լիագումար նիստերի դահլիճում: Կավելաշվիլին երդվում է Վրաստանի Սահմանադրության վրա։ Երկրի հիմնական օրենքի այդ օրինակը պահվում է խորհրդարանի թանգարանում և ամեն անգամ օգտագործվում է պետության ղեկավարի երդմնակալության արարողության ժամանակ:
Արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կլքի նախագահի Նստավայրը: Մինչ այդ նա նախագահական պալատից դիմել էր ցուցարարներին և կրկնել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, հետևաբար նախագահը ևս ոչ լեգիտիմ է: Զուրաբիշվիլին իր կողմնակիցներին բողոքի զանգվածային ակցիաների կոչ է արել։ Նա Արևմուտքի ներկայացուցիչներին հորդորել է Կավելաշվիլիին չճանաչել որպես նախագահ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն անցկացվեց։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Քվեարկությունն անցկացվեց «150+150» համակարգով։ Ընտրիչների կեսը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն էին, մյուսները՝ մարզերի։ Նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կավելաշվիլին 224 քվե ստացավ և դարձավ Վրաստանի 6-րդ նախագահը։
Նշենք, որ վրացական ընդդիմությունը, Վրաստանի նախորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։
Զուրաբիշվիլին հայտարարում էր` քանի դեռ երկրի իշխանությունը չի փոխվել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով, իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչն ինքն է: