ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ն աշխատանքներ է տանում Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ առևտրի ազատականացման մասին պայմանագրերի համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերություններում կարևոր դերակատար՝ նշանակալի հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում:
«Դա հաստատում է միջազգային շփումների լայն ցանցը, որը ներառում է Վիետնամի, Իրանի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերը, Չինաստանի հետ երկու համաձայնագրերը և աշխարհի տարբեր երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության մասին ավելի քան 80 հուշագրեր», — ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ միության մասնակիցներին՝ Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ղրղզստանին, հաջողվել է զգալի արդյունքների հասնել:
Ներքին շուկանգործում և կատարելագործվում է, ընդլայնվում է միջազգային շփումների աշխարհագրությունը, իսկ մասնակից երկրների փոխադարձ առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։ ԵԱՏՄ պետությունները շարունակում են խորացնել համագործակցությունը առանցքային ոլորտներում՝ մաքսային և սակագնային կարգավորման, արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում: