Որոշումը հիմնավոր է. ՀՀԽ–ն արձագանքել է կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու պատմությանը

Գարեգին 2–րդ կաթողիկոսը. Արխիվային լուսանկար
Ըստ ՀՀԽ–ի` հեռուստատեսությունները պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության, «Շողակաթ» հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության որոշումները և պաշտպանում է դրանք: Այս մասին խորհուրդը տարածել է հայտարարություն։
«Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռը հրաժարվել է Ամենայն հայոց հայրապետի ուղերձը տրամադրել հանրային հեռուստաընկերությանը, քանի որ նպատակահարմար չի համարում դրա հեռարձակումը այդ հեռուստաընկերության եթերում։
Նույն օրը, ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Առաջին ալիքը պատրաստվում է Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Մայր Աթոռից հայտնել էին նաև, որ կաթողիկոսի ուղերձը հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:
Հիշեցնենք՝ 2023-ի վերջին Հանրային հեռուստաընկերությունը առաջարկել էր Ամենայն հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր։
Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ։