AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում՝ այնտեղ կիրառված «Գորգ» («Փակ օդ» -խմբ.) ռեժիմի պատճառով, հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը։
«Այդ ընթացքում ուկրաինական մարտական անօդաչուներն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնիի և Վլադիկավկազի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - ասել է նա:
Բացի այդ, Գրոզնիի օդանավակայանի տարածքում խիտ մառախուղ է եղել, տեսանելիություն չի եղել 500 մետր բարձրության վրա:
Յադրովը հայտնել է, որ օդանավի հրամանատարը Գրոզնիում ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել, որոնք անհաջող են եղել. նրան այլ օդանավակայաններ են առաջարկվել, սակայն նա որոշել է թռչել Ակտաուի օդանավակայան:
«Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին հետաքննությանն իր լիակատար և համապարփակ մասնակցության պատրաստակամության մասին», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչունների երամի հետ բախվելուց հետո օդանավի հրամանատարը որոշել է թռչել Ակտաուի պահեստային օդանավակայան։ Azerbaijan Airlines ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կործանման հետևանքով ողջ է մնացել 29 մարդ: ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանց թվում 9 ռուս կա: Ընդհանուր առմամբ, օդանավում, ըստ ցուցակների, եղել է Ռուսաստանի 16 քաղաքացի։