Ավինյանի հոր խոսքերի շուրջ ստեղծված սկանդալն օրինաչափ է, իսկ ինչո՞ւ են լռում ՀԿ–ները

Տիգրան Ավինյանի երդմնակալությունը. Արխիվային լուսանկար
Փորձագետը կարծում է, որ զարգացած ժողովրդավարական երկրներում Ավինյանի հոր նման խոսքերից հետո անմիջապես կհետևեր նրա հրաժարականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր սկանդալային հայտարարությունը հասարակության նկատմամբ իշխանավորների վերաբերմունքի դրսևորում է, և այս ամենը տեղի է ունենում հասարակական կազմակերպությունների լռության ֆոնին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նշենք, որ երեկ Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Բադալյանի խոսքով ՝ քաղքենի վերաբերմունքը, մարդկանց սոցիալական դասակարգերի բաժանելը, ուրիշներին վերևից նայելը լայնորեն տարածված հասարակական արատ է, որը հատկապես դրսևորվում է կառավարող վերնախավի մոտ, ինչը էլ ավելի դատապարտելի ու մերժելի է։
«Մարդկանց այս շրջանակը(ղեկավարներ, իրենց ընտանիքի անդամներ–խմբ.) չափազանց պատասխանատու ու բծախնդիր պետք է լինի իր վարքի նկատմամբ։ Բայց այստեղ հարցը ոչ միայն վարքագիծն է, այլև մտածողությունը։ Փաստորեն կա այսպիսի մտածողություն և գնահատական հանրային տարբեր շերտերի հանդեպ»- ասաց Բադալյանը։
Նա կարծում է, որ մարդկանց դասակարգելու արատավոր մտածողության դեմ պետք է պայքարել դպրոցից սկսած, քանի որ այդ երևույթը նկատելի է ամենուր ու ամեն քայլափոխի։ Իսկ իշխող վերնախավն իր շրջապատով պետք է լինի այդ պայքարի առաջնագծում ՝ նման վարքագիծ ցույց տալու փոխարեն։
Ավելի ուշ` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար։ Քաղաքական մեկնաբանի կարծիքով` Ավինյանի խոսքն ավելի շատ ոչ թե ներողություն խնդրելու համար էր, այլ արդարացնելու փորձ էր։
«Ժողովրդավարական առաջադեմ պետություններում նմանօրինակ իրավիճակում անխուսափելի կլիներ պաշտոնյայի հրաժարականի պահանջը։ Եվ մեր հասարակությունը պետք է նման երևույթների համար այդպիսի բարձր նշաձող սահմանի։ Ի վերջո դրանից է կախված, թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ հետևություններ կանեն նման իրավիճակներում»,-նշեց Բադալյանը։
Նա մատնանշեց նաև հասարակական կազմակերպությունների կողմից սկանդալային պատմությանը քիչ թե շատ լուրջ արձագանքի բացակայությունը:
«Պատկերացնենք, թե նման միջադեպ էր տեղի ունեցել մինչև 2018 թվականը: Դժվար չէ կռահել, թե ինչ աղմուկ կբարձրանար։ Իսկ հիմա «քաղաքացիական հանրություն» կոչված շրջանակից չկա որևէ էական արձագանք»,– ասաց նա։
Նշենք, որ հայաստանյան ՀԿ–ները արևմտյան դրամաշնորհներ են ստանում և ակտիվորեն համագործակցում են իշխող քաղաքական թիմի հետ: Ի դեպ, գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ ժամանակին տարբեր ՀԿ-ներ են ղեկավարել։ Իսկ վերջին շրջանում ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, պարբերաբար հանդիպումներ է ունենում «հասարակական կարծիք ձևավորող» մարդկանց հետ, որոնց թվում են նաև այդ ՀԿ-ների ներկայացուցիչները։