Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատներըն փակել են Բաղրամյան պողոտան
Հավաքվածները թերահավատորեն են մոտենում այն հայտարարությանը, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները` կատարելով լիարժեք քննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Նրանք ուզում են, որ Քոչարյանը ներկայացնի, թե քննիչ հանձնաժողովը ինչ աշխատանքներ է կատարել ու ինչ եզրակացություններ ունի։
«Տարին ամփոփելիս ասում են, թե 44–օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքն ավարտված է։ Մենք ամենաշատն իրավունք ունենք իմանալու` ինչ է կատարվել։ Իրավահաջորդները մենք են։ Եթե մենք տեղյակ չենք, ո՞վ է որոշելու` քննությունը ճիշտ է արվել, թե ոչ»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը` Արման Կիրակոսյանը։
Հավաքվածները թերահավատորեն են մոտենում այն հայտարարությանը, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները` կատարելով լիարժեք քննություն։
«Մի շարք հարցեր կան, որ մեզ համար անպատասխան են մնացել։ Սա պետական անգործության հետևանք է։ Սա պետության վերաբերմունքն է իր զինվորի, կամավորի, իր քաղաքացու նկատմամբ»,– ասաց նա։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը համաձայնել է հանդիպել նրանցից 4-ի հետ, սակայն անհետ կորածների հարազատները մերժել են` ասելով, որ կբարձրանան վերև, եթե նա ընդունի բոլորին։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5– 2 ամսվա ընթացքում զեկույց կկազմի և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 11-ին հայտարարեց, որ զեկույցն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ Բացահայտումները կրապարակվեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։