ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ուզբեկստանը մտադիր է թույլատրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիների մուտքը երկիր՝ ներքին փաստաթղթերով: Այս մասին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն ընթանում է ՌԴ–ի Լենինգրադի մարզում:
Նրա խոսքով՝ Տաշքենդը ցանկանում է նման կարգ ներդնել զբոսաշրջային հոսքերը խրախուսելու նպատակով։
Ինչպես նշել է Միրզիյոևը, Ուզբեկստանն ավարտում է Եվրասիական զարգացման բանկին միանալու գործընթացը և պատրաստվում է 2025 թվականի սկզբին անդամակցել կառույցին:
Ուզբեկստանի նախագահի խոսքով` համատեղ նախագծերի առաջխաղացման համար բանկը կօգնի ձևավորել հուսալի ֆինանսական աղբյուրներ:
Ինչպես նշել է Միրզիյոևը, Ուզբեկստանը ևս շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ծրագրերին մասնակցելու հարցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը՝ խորհրդի նիստն անցկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին նա մասնակցում է տեսակապի միջոցով, քանի որ ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: