ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը կսկսվի 2026 թվականից։ Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ դեռ 2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ավինյանը հայտարարել էր, որ կայարանի կառուցումը կսկսվի 2024 թվականին։
«Ներկայում արվել է նախագծի պարզ փորձաքննությունը, ՇՄԱԳ–ը, համալիր փորձաքննության ընթացքում ենք, Եվրասիական հիմնադրամի հետ բանակցությունները գործնական փուլում են։ Հաջորդ տարի նախատեսում ենք ունենալ համալիր փորձաքննությունների արդյունքները, տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, առաջին եռամսյակում էլ ունենալ կառավարության ներդրումային կոմիտեի դրական եզրակացությունը, իսկ տարվա վերջին էլ ունենալ փաստացի շինարար–կառուցապատող, որը պետք է արդեն սկսի աշխատել։ 2026 թվականից արդեն կսկսենք կառուցել»,– նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում չի եղել։
Հիշեցնենք, որ մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության մասին սկսել են խոսել դեռ 2022 թվականի մարտ ամսից։ Նույն տարվա հոկտեմբերին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականին մեկնարկելու է կայարանի շինարարությունը։ Այդ ժամանակ կառավարությունը 11 մլրդ դրամ էր հատկացրել նախագծային աշխատանքների համար։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
2023 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ: