ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ: Համապատասխան որոշումը ստորագրել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները Լենինգրադի մարզում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Կողմերը ստորագրել են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը և մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը:
Բացի այդ, հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և 2025 թվականի աշխատանքային ծրագիրը` ներառյալ միության երկրների ներքին շուկաներում մի շարք առևտրային խոչընդոտների վերացումը:
Հիշեցնենք, որ Իրանի ներկայացուցիչներն արդեն ավելի քան 5 տարի մասնակցում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:
ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան:
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: