ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանը Դամասկոսում իր դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշում կկայացնի՝ ելնելով Սիրիայի նոր կառավարության քաղաքական ուղեգծից: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Իրանը որոշում կկայացնի` հիմնվելով Սիրիայում նոր իշխանությունների գործողությունների և քաղաքական գծի վրա։ Ինչպես ձեզ հայտնի է, այս պահին Սիրիայում իրավիճակը մնում է անորոշ», – Մոհաջերանիի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին դեկտեմբերի 16-ին պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դեսպանությունն ու հյուպատոսությունը շուտով կարող են վերսկսել աշխատանքը: Հաջորդ օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Դամասկոսում իրանական դեսպանատան աշխատանքի վերսկսումը պահանջում է «նախապատրաստական աշխատանքներ», որոնց կարևորագույն տարրը դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների անվտանգության ապահովումն է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: