Երևանի Նորագավիթ թաղամասի 61-ամյա բնակչի տանը և ավտոմեքենայում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դատարանի որոշմամբ իրականացված խուզարկության արդյունում հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի հրացան, մեկ ինքնաձիգ՝ հեռադիտակով, 2 «Մակարով», 2 «Չեզետա», 1 թմբուկավոր և 9 այլ մարտական ատրճանակ, ատրճանակի բռնակներ, դետալներ, փամփուշտներ, 32 հրապատիճ, այլ զինամթերք և զենքի ձևափոխման, վերանորոգման համար նախատեսված հաստոցնե
Հայտնաբերվածներն առգրավվել են։
«Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 51-ամյա տղամարդու տնակում։
Հայտնաբերվել են մարտականի ձևափոխված 6 ատրճանակ և տարբեր տրամաչափի 125 մարտական փամփուշտ։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։