ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 18-ամյա աղջիկը ծնողների ննջասենյակից գողություն է կատարել, հետո մորը զանգահարել ու խաբել, թե իրեն ու իր մեքենան առևանգել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայրն ահազանգել է ոստիկանություն, հայտնել դստեր մեքենայի հաշվառման համարանիշը։ Դեկտեմբերի 24-ին` ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում պարեկները կանգնեցրել են «Նիսանը», որը վարելիս է եղել հենց 18-ամյա աղջիկը։
Նա տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ ավելի վաղ աղջիկը ծնողների ննջասենյակի պահարանից գողացել է 250 գրամ ոսկյա զարդեր, 1600 դոլար և 130 հազար դրամ, որոնք պետք է Սևանի ափին փոխանցեր ընկերոջը:
Գողությամբ պատճառված վնասը մոտ 8 միլիոն 700 հազար դրամ էր:
Աղջիկը ողջ գողոնը ներկայացրել է իր վարած ավտոմեքենայից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: