ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանության` թանկացումների մասին հերթական որոշումը պետական մակարդակի թալան է։ Այս հայտարարությունն արել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանին նախագիծ է առաջ քաշել, ըստ որի` Երևանում աղբահանությունը կթանկանա, և վճարը 2025–ից կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի։
«Նոր տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թևն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման և, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։ ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձև գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության օգնությամբ։