Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանն ընդունել է 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային և նրանց փոքրիկ որդուն
Երեխաներից 25-ը ծնվել են զոհված զինծառայողների ընտանիքներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա այսօր ընդունել է այդ ընտանիքներից մեկին։
«Մի հրաշք հյուր ունեի այսօր` մեկուկես ամսական Արենը: Փոքրիկը նորից է ապրեցնում 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային»,– լուսանկարներին կից գրել է նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հայտնել էր, որ 2020 թվականից մինչև օրս Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ (պետպատվերի շրջանակում) 838 երեխա է լույս աշխարհ եկել, որոնցից 81-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում։