ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները: Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր»,– գրել է Մուրադյանը:
Նշվում է, որ Մալայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-ից 20:00-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մալայանը ծնվել է 1948 թվականի հուլիսի 17-ին, Թբիլիսիում։ Դպրոց և համալսարան հաճախել է Երևանում` համապատասխանաբար Ալ. Պուշկինի անվան միջնակարգ դպրոց և ԵՊԲՀ։
Նա ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն էր, ինչպես նաև ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչը։