Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք է հափշտակել Երևանում

Հանցավոր խմբում նաև անշարժ գույքի գործակալ ու փաստաբան են ներգրավել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգնությամբ 18 անշարժ գույք է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–ի տվյալներով՝ հանցավոր կազմակերպությունը ստեղծվել է 2022 թվականի հուլիս-օգոստոսին։ Հ.Մ.-ն ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին։ Նա Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:
Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, որին առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, վերջինս համաձայնել է:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Նա նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:
Նմանատիպ սխեմայով հանցավոր խումբն այլ անշարժ գույքեր էլ է հափշտակել։
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել փաստաբան Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի և մյուս մասնակիցների նկատմամբ:
Քաղաքացին զոհվածների ծնողից գումար է հափշտակել շիրմաքարեր պատրաստելու պատրվակով. ՔԿ