Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը

Նախատեսվում է Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը 1 ամսով հետաձգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ ներկայացվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի https://transport.yerevan.am կայքը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից մայրաքաղաքում անցում է կատարվում տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։
Հիշեցնենք՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կտեղափոխվի մինչև փետրվարի 1-ը։ Սակայն մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման: