ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այսմասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Ավելի վաղ` դեկտեմբերի 12–ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը։
«Տեղեկացնեմ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ»,– գրել է փաստաբանը:
Սերգեյ Հարությունյանը նաև նշել է, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ վարույթներին առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։
Հոկտեմբերի 11-ին դատարանի որոշմամբ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։