ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները դեկտեմբերի 26-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ գործնական հարցեր: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Սկզբում կանցկացվի նեղ կազմով նիստ, որտեղ առաջնորդները փակ կարգով կքննարկեն որոշ կարևոր գործնական հարցեր, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի, միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության մշակման վերաբերյալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2023 թվականի դեկտեմբերի կարգադրության կատարման ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ առաջնորդները նեղ կազմով կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների պաշտոնների ռոտացիայի մեխանիզմների և սկզբունքների, բյուջեի մասին հարցեր: Բացի այդ, մասնակիցները որոշում կկայացնեն Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ, կկայանա դեկտեմբերի 26-ին: Գագաթնաժողովը կանցկացվի Լենինգրադի մարզի «Իգորա» առողջարանային համալիրի հարթակում` Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու: