ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է։ Օդանավում գտնվող մարդիկ ողջ են։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար Սերգեյ Լեբեդևը։
«Ինքնաթիռը գտնվել է։ Մարդիկ ողջ են։ Չեմ կարող ասել, թե հստակ ինչ վիճակ է, հիմա տարհանում ենք», - հայտնել է Լեբեդևը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։
Ինչպես հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը, Կամչատկայում արտակարգ պատահարի մեջ հայտնված Ան-2 ինքնաթիռի ուղևորը և երկու օդաչուները տեղափոխվել են Միլկովո ավանի բուժհաստատություն:
Ան-2 ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին թռել էր Միլկովո գյուղ-Օսորա ավան երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կոմերցիոն թռիչք է կատարել բեռի առաքման համար, ինքնաթիռում եղել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ օդանավից վթարային ազդանշանը տրվել է 700 մետր բարձրության վրա՝ Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 160 կմ հեռավորության վրա։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում):