ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հերթական վրաերթն է գրանցվել, որի հետևանքով 56 տարեկան տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.–ն դեկտեմբերի 21-ին` ժամը 00։10-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում` հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, «Mazda 6»-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին։
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել է, կրկին շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,– գրում է կայքը։
«Արմենիա» բժշկական կենտրոնից որոշ ժամանակ անց հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: