ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Անկարան ակնկալում է, որ քրդական ջոկատները կհամաձայնվեն բանակցել իշխանությունների հետ Դամասկոսում, հակառակ դեպքում թուրքական ԶՈւ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Խոսելով քրդական ջոկատների դեմ թուրքական ԶՈւ-ի հնարավոր գործողության մասին՝ Ֆիդանը պատասխանել է, որ «արհեստականորեն ստեղծված» YPG ջոկատները (քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ-խմբ.) պետք է անհապաղ կազմալուծվեն, և որ Սիրիայի ներկայիս նոր պայմաններում անհրաժեշտ է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքով, եթե Սիրիայի նոր իշխանություններին չհաջողվի իրականացնել այդ խնդիրը, «իր անվտանգությունը պաշտպանելու համար» Անկարան ինքնուրույն քայլեր կձեռնարկի:
«Կանենք այն, ինչ անհրաժեշտ է», – անդրսահմանային գործողության մասին հարցին պատասխանել է Ֆիդանը:
Դամասկոսում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, այսպես կոչված «Սիրիական ազգային բանակի» կազմավորումները, որոնց աջակցում է Թուրքիան, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում վերսկսել են քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունները:
Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի ուժերի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո հայտարարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Հալեպ, Էլ Հասաքե, Ռաքքա և Դեյր-էզ-Զոր նահանգներում ինքնավար վարչակազմ ստեղծելու մասին: Քրդական կազմավորումները Սիրիայի կառավարական ուժերի հետ ռազմական գործողությունների մեջ չեն մտել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի նախագահության օրոք և Սիրիայի հյուսիս-արևելքում ներկա միջազգային կոալիցիայի զինված ուժերի աջակցությամբ (ԱՄՆ գլխավորությամբ) պահպանել են իրենց ռազմական ներուժը: