Գավառի ուսուցչուհիներից մեկը հաղթել է Կալինինգրադում անցկացված միջազգային օլիմպիադայում

Մարինե Պողոսյան
Օլիմպիադային մասնակցել են 30 երկրների շուրջ 100 մասնագետներ: Եզրափակիչ են անցել 12 երկրների 26 մասնակիցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանը հաղթել է Կալինինգրադում կայացած Ռուսաց լեզվի 2-րդ միջազգային մանկավարժական օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
«Ինձ համար շատ արժեքավոր փորձ էր լինել վաստակաշատ դասախոսների շարքում, փոխանակել կուտակած գիտելիքներն ու հմտությունները», - ասել է մանկավարժը:
Օլիմպիադայի մասնակիցները
Նա պատմել է, որ օլիմպիադայի ծրագիրը հագեցած և բազմազան է եղել՝ մրցույթներ, բանավեճեր, քննարկումներ, ինտելեկտուալ մրցումներ: Քննարկումների ընթացքում բարձրացվել են ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող արդիական հարցեր:
«Ուսուցիչները տրված նկարի վերաբերյալ պետք է կազմեին դասի պլան, ինքնադրսևորվեին բանավեճում՝ ստանձնելով քննադատի և պաշտպանի դերերը, ինչպես նաև առաջարկվող թեմայի վերաբերյալ ներկայացնեին ստեղծագործական նախագիծ և պատասխանեին բանասեր ուսանողների հարցերին»,– ասել է Պողոսյանը:
Ուսուցչուհին բազմաթիվ ընկերներ և համախոհներ է ձեռք բերել Ղրղզստանից, Տաջիկստանից, Վիետնամից, Բուլղարիայից, Թուրքմենստանից և Ղազախստանից: Առանձնահատուկ է եղել Սերբիայից ժամանած Դարինկայի հետ հանդիպումը. նրա հետ ծանոթացել էր դեռ 2014 թվականին ռուսաց լեզվի Երկրորդ համաշխարհային փառատոնում։ 10 տարի անց նրանց ճանապարհները կրկին հատվել են, և օլիմպիադայի ժամանակ նրանց բանավեճը դարձել է միջոցառման ամենավառ և հիշարժան իրադարձություններից մեկը:
Մարինե Պողոսյան
«Կազմակերպիչները մեր ինտելեկտուալ մրցույթը կատակով անվանեցին «ծնողների և երեխաների մենամարտ», քանի որ ես օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցն էի, իսկ Դարինկան՝ ամենափորձառուն», - պատմել է նա:
Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են շուրջ 100 մասնագետներ աշխարհի 30 երկրներից: Եզրափակիչ են դուրս եկել 12 երկրների 26 մասնակիցներ: Օլիմպիադայի կազմակերպիչը Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանն է։