Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Նշենք, որ սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
«Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնը, ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: 25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանը։
Նա ընդգծել է, որ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:
Վարազդատ Լալայանը (109+) դեկտեմբերի 15-ին ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։
«Առավելագույնը չէր, բայց ինչքան պետք էր բարձրացրեցի»․ Վարազդատ Լալայան