Երևանում տրանսպորտային թանկացումներն արդարացված չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Խմբակցությունն այլընտրանքային լուծում է առաջարկում։
«Անդրադառնալով գնագոյացման սև խոռոչներին, հաշվի առնելով, թե իշխանությունների մատնանշած փաստարկները որքանով են սին և խոցելի, թե ինչքան փող է վատնվում և գրպանվում, ցույց ենք տվել, որ այդ թանկացումներն արդարացված չեն։ Երևանի տրանսպորտային համակարգում ցայսօր գոյություն ունի ստվերային մեծ շրջանառություն, և իշխանությունների այն հայտարարությունները, թե նոյեմբերի 1–ից ստվերը վերացել է, չկա նման բան...Երևանում մեկ ուղևորափոխադրման արժեքը 130 դրամ է, և այդպես պետք է մնա»,– ասաց Սուքիասյանը` անդրադառնալով ոլորտի մյուս խնդիրներին, ակնհայտ կոռուպցիոն սխեմաներին։
Մանրամասները` տեսանյութում։
Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղեվարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։