ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարության հարևանությամբ վարձակալած շենքը վերադարձրել է պետությանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ տեղեկությունը թերթին հայտնել է ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Շենքն ամիսներ շարունակ վերանորոգվում էր կուսակցության գլխավոր գրասենյակ դառնալու համար։ Հիմա որոշվել է այն աճուրդի հանել: Փոխարենը ՔՊ-ն վերանորոգել է Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակը:
Իշխող կուսակցությունից ավելի վաղ թերթին հայտնել էին, որ կառավարության հարևանությամբ գտնվող շենքի ամսական վարձավճարը 3,990,000 դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար:
Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքում ՔՊ-ն գրասենյակ էր վարձակալել դեռ 2022 թվականին։
Ի դեպ, այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, իսկ հարևանությամբ ՀՅԴ գրասենյակն է։