Վլադիմիր Պուտինը երկրում միգրացիոն հարցը շատ զգայուն է անվանել, թեև Եվրոպայում այն ավելի սուր է զգացվում:
«Այն ոչ միայն մեզ համար է սուր, Եվրոպայի համար է'լ ավելի սուր է», - մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:
Ելնելով դրանից, ՌԴ նախագահի խոսքով, ՆԳՆ շրջանակներում անհրաժեշտ է ամրապնդել միգրացիոն աշխատանքը, ստեղծել առանձին կենտրոն։
«Շատ քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե արդյոք պե՞տք է առանձին գերատեսչություն ստեղծենք (ժամանակին մենք այն ունեցել ենք), թե՞ դա թողնենք ՆԳՆ-ի շրջանակներում։ Ես կարծում եմ, որ այսօր պետք է ներքին գործերի նախարարության շրջանակներում ամրապնդել այդ բաղադրիչը։ Այնտեղ պետք է ստեղծել առանձին հզոր ստորաբաժանում կամ կենտրոն՝ կա'մ ՆԳՆ շրջանակներում, կա'մ ՆԳՆ-ին կից», - ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ ռուսաստանյան գործարար շրջանակների և նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներն ասում են, թե շինարարության և արդյունաբերությոն ոլորտներում աշխատուժի մեծ պակաս կա. խոսքը հարյուր հազարավոր բանվորների մասին է։
Ըստ այդմ, կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի միգրացիայի հարցերին, նշել Է Պուտինը։ Միգրանտների հետ կապված խնդիրները լուծելու համար հարկավոր է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և աշխատել հարևան երկրների հետ միասին. անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայի երկրներում զարգացնել ռուսական դպրոցների ցանցը, այն մարդկանց, ովքեր պատրաստվում են աշխատել ՌԴ-ում, ծանոթացնել նաև ավանդույթներին, մշակույթին, ռուսական օրենքի պահանջներին, ինչպես և խստացնել պահանջները:
Պուտինը նաև կողմ է արտահայտվել միգրանտների երեխաներին առանց ռուսերեն իմանալու դպրոցներ ընդունելու արգելքին:
«Ընդհանուր առմամբ դա հասկանալի է. ինչպե՞ս կարելի է երեխային սովորեցնել դպրոցում, եթե նա չի տիրապետում լեզվին։ Այդ դեպքում նրա հետ առանձին պետք է զբաղվել ռուսերենով, իսկ ո՞վ կվճարի դրա համար», — նշել է Պուտինը։
Իրավապահները պետք է հետևեն, որպեսզի միգրանտները հարգեն Ռուսաստանի ավանդույթները։ Իսկ միգրանտների թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։