Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը

Գուրգեն Արսենյան
Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։
Ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
«Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար... Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», - ասել է Արսենյանը։
Դեսպանը նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում: