ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանին D-8-ին միանալու կապակցությամբ։ Այս քայլը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում և կազմակերպության ներսում կհարստացնի քննարկումները»,-հայտարարել է աս-Սիսին։
Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:
«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։
D-8-ի 11-րդ գագաթնաժողովն անցկացվում է «Ներդրումներ երիտասարդությունում և աջակցություն փոքր ու միջին բիզնեսին. ապագայի տնտեսության ձևավորում» կարգախոսի ներքո: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն անդամ երկրների առաջնորդները, այլև բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթան:
Փակ նիստում մասնակիցները նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ներառյալ Գազայի հատվածի էսկալացիան, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Սիրիայում: