Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» նոր սակագները․ քաղաքապետարանը բողոքարկելու է

«Կարմիր գծեր» Երևանում
Քաղաքացիների կողմից նախկինում վճարված գումարները չեն վերադարձվելու, նույնիսկ եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Դատարանն այսօր անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել»,- գրել է Կոստանյանը։
Շեշտել է՝ թեմայի շուրջ հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար քաղաքապետարանը հայտնում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել։
Սահմանված է մեկ ամիս ժամկետ որոշումը բողոքարկելու համար, և քաղաքապետարանը դա անելու է։
Միաժամանակ, Կոստանյանի խոսքով՝ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, անգամ երբ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնի։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։