ՌԴ ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են ձերբակալում Ուզբեկստանի քաղաքացուն, որն առնչություն է ունեցել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են օպերատիվ ծառայության աշխատակիցները բարձրանում շքամուտքի աստիճաններով և մտնում սենյակ, որտեղ մի քանի մարդ է գտնվում։ Այնուհետև ցույց են տալիս, թե ինչպես է ձերբակալվածը փողոցում նստած, ձեռքերը մեջքի հետևում են և ձեռնաշղթաներով։
Հիշեցնենք` ահաբեկչությունն իրագործվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում։ Ինքնագլորի վրա տեղադրված պայթուցիկ սարքը գործարկվել է բնակելի շենքի շքամուտքի մոտ, ինչի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Կիրիլովը և մայոր Պոլիկարպովը։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն հայտարարել են ահաբեկչության ենթադրյալ հեղինակի՝ 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ իրեն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։