ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո առաջին անգամ Դամասկոս–Հալեպ չվերթ է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն:
Ինքնաթիռում եղել է 32 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայի խոշորագույն օդանավակայանները (Դամասկոսի և Հալեպի) զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով մինչև դեկտեմբերի 18-ը և 17-ը դադարեցրել են աշխատանքը:
Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի, բացի նրանցից, որոնք համապատասխան թույլտվություն կստանան քաղաքացիական ավիացիայի վարչությունից:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: