Մոսկվայում 8 մարդ է ձերբակալվել, որոնք աշխատանքային կեղծ պայմանագրեր են կազմել ավելի քան հազար օտարերկրացիների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերը հանցավոր խմբի անդամները, սեփական շահերից ելնելով, կազմակերպել են ավելի քան 1000 օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նրանց եկամուտը գերազանցել է 30 մլն ռուբլին։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի 3-րդ մասով (անօրինական միգրացիայի կազմակերպում)։
Նշվում է, որ գործի քննության շրջանակում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, գումար, ձևաթղթեր, տեղեկատվական կրիչներ։
ՔԿ–ն պատրաստվում է ձերբակալվածներին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։