ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ինժեներական քաղաքը, ակադեմիական քաղաքը, ՀՀ–ում գործող օդանավակայանները և մաքասակետերի տարածքները կապահովվեն 5G ծածկույթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի ստեղծման ու նրա աշխատակարգի կանոնները։
«Մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուր քաղաքային տարածքի առնվազն 60 տոկոսում` ներառյալ ինժեներական քաղաքի, ակադեմիական քաղաքի, «Զվարթնոց», Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքասակետերի տարածքներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ նոր կառուցվող) ընդհանուր երկարության 98 տոկոսում»,– ասված է որոշման մեջ։
Հանձնաժողովից նշում են, որ կբարձրացվի նաև կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն կապի առկա ենթակառուցվածքները։