Ձերբակալվել է գեներալ Կիրիլովի մահվան պատճառ դարձած ահաբեկչությունն իրականացրածը. ՌԴ ԱԴԾ

Հանցագործությունը փաստացի բացահայտվել է տաք հետքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի, որը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու համար։ Ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ ՔԿ–ի հետ համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և ձերբակալել է 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու, որը Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցրել, ինչի հետևանքով մահացել է 1970 թվականին ծնված ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական` 1983 թվականին ծնված մայոր Պոլիկարպով Ի. Վ.–ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչություն իրականացրած անձը հայտարարել է, որ իրեն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրանց հանձնարարությամբ նա ժամանել է Մոսկվա, ստացել հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք և տեղադրել էլեկտրական ինքնագլորի վրա, որը կայանած է եղել Կիրիլովի տան շքամուտքի մոտ։
Գեներալի բնակության հասցեին հետևելու համար նա ավտոմեքենա է վարձել, տեղադրել մեքենայի մեջ Wi-Fi տեսախցիկ, որով պատկերը հեռարձակվում էր Դնեպրում (Ուկրաինա) կազմակերպիչներին։ Շքամուտքից սպաների դուրս գալու վերաբերյալ տեսաազդանշան ստանալուց հետո պայթուցիկ սարքը հեռակառավարման եղանակով ակտիվացվել է:
Կիրիլովի սպանությունը Կիևի ռազմական հանցագործությունները խրախուսելու հետևանք է. ՌԴ ԱԳՆ
Սպանություն կատարելու համար Ուզբեկստանի քաղաքացուն ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել էին 100 հազար դոլար պարգևավճար և մեկնում ԵՄ։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակին հայտնաբերել են Բալաշիխինսկի շրջանի Չյոռնոյե գյուղում և փոխանցել քննչական մարմիններին։