Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ

Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կետ կա, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Այդ մասին Համառուսաստանյան պետական հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ընկերությանն(ВГТРК) ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը զանգել է Էրդողանին. Հարավային Կովկասին ու Սիրիային վերաբերող հարցեր են քննարկել
«Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», — ասել է Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։ Նա տեղեկատվական լցոնումներ է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունները, քանի որ այսօր գրեթե անհնար է թաքցնել որևէ ռազմաբազա աշխարհի որևէ կետում:
Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։

«Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,- պարզաբանել Է նախագահը։

Ալիևը նշել է, որ երկրների ռազմական համագործակցության ավելի քան 30 տարիների ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշների բերելու գործում: Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»: