ՔՊ–ականների թիրախում հիմա էլ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են. «Ժողովուրդ»

ՔՊ նիստ. Արխիվային լուսանկար
ՔՊ-ականները կասկածելի են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, իսկ Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը տեղի ունեցել դեկտեմբերի 12-ին, ՔՊ–ականների թիրախում են հայտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՔՊ-ականները Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել»,–գրում է օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի` Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաև բնապահպանական խայտառակ իրավիճակի և անթույլատրելի չափով ծառերի հատման համար։
«Նախաձեռնող նիստն այնքան թեժ է անցել, որ անգամ ամփոփիչ զեկույցը կիսատ է մնացել՝ նախաձեռնողի հաջորդ նիստին ներկայացնելու պայմանով»,–գրում է օրաթերթը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել էր, որ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա, անարդարություններ, ապօրինություններ կան, որոնք, ըստ նրա, արդեն դառնում են քաղաքական խնդիր:
Սկանդալ ՔՊ–ում. Հակոբ Ասլանյանը փոշմանել է, նրան այդ հարցում «օգնել է» ԲՏԱ նախարարը