Իրանից փորձել են մաքսանենգ ճանապարհով 25 հազար տուփ ծխախոտ ներկրել Հայաստան. տեսանյութ

6 ամսում հայտնաբերվել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ։
Sputnik
Իրանից Հայաստան մուտք գործած բեռնատարներից մեկում մաքսային հսկողությունից թաքցված 25 հազար տուփ ծխախոտ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
««Ագարակ» մաքսային անցման կետում հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացվել է ռենտգեն տեսազննում, և ցեմենտի պարկերի արանքում ծխախոտի տուփեր են հայտնաբերվել»,– ասված է հաղորդագրությունում։
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Ըստ ՊԵԿ–ի` պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։
Բացի այդ, հայտնաբերվել են նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։