ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփել են անցնող տարվա համագործակցության արդյունքները և նախանշել 2025 թվականի ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։ Դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում հանդիպել են երկու ընկերությունների պատվիրակություններն ու ղեկավարները՝ Ալեքսեյ Մելնիկովը և Դավիթ Փերաձեն։
Հանդիպման ընթացքում Մելնիկովը վրացի գործընկերոջը պարգևատրել է «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով` Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար։ Նաև «Փոխօգնության» շքանշանով են պարգևատրել «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարների և մեքենավարների օգնականների։
Նշենք, որ վարարման ժամանակ վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը։
Կողմերը պայմանավորվել են 2025 թվականի համար պահպանել համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերը, որոնք գործում էին 2024 թվականին։ Վրացական կողմը նաև տեղեկացրել է հայ գործընկերներին, որ ներդրման գործընթացում է «Օրիոն 2» տոմսերի վաճառքի նոր ծրագիրը, որի համատեղ փորձնական շահագործումը կսկսվի 2025 թվականի ապրիլին:
Հիշեցնենք` մայիսի 26–ին գետերի վարարման հետևանքով Լոռու մարզում երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։