ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրենը կազատազրկվի 10 տարի ժամկետով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Ազատազրկումից բացի դատարանը վճռել նրանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ։ Նշենք, որ խոսքն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի մասին է։
Օրեր առաջ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունները։
Հիշեցնենք՝ դեռ 2019-ին գրել էինք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու յուրացման մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը: